ՌԴ ֆինանսավորմամբ կվերակառուցվի ՍԱՊԾ ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը

18:31, 19 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ Ծառայության պետի տեղակալ Նիոլայ Վլասովի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի հետ հունիսի 19-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում  քննարկվել է ՍԱՊԾ կազմում գտնվող՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակառուցման և վերազինման  հարցը: Նշենք, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է տեխնիկական և ֆինանսական աջակցության համաձայնագիր, որով նախատեսվում է գիտական այս կենտրոնի շինարարական աշխատանքներին ուղղել ինչպես ֆինանսական միջոցներ, այնպես էլ ցուցաբերել տեխնիկական աջակցություն՝ ժամանակակից պահանջներին համահունչ գործունեություն ծավալելու նպատակով:

Այցի շրջանակներում քննարկվել է կենտրոնի վերակառուցման և վերազինման տեխնիկական առաջադրանքը, նախնական համաձայնություն է ձեռք բերվել նախագծման աշխատանքների և լաբորատոր կարողությունների հզորացման վերաբերյալ՝ ստորագրելով այդ մասին արձանագրություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ուղղությունները, ինչպես նաև  ԵԱՏՄ միասնական պահանջների շրջանակներում արտահանման ու ներմուծման ընթացակարգերը հնարավորինս  պարզեցնելու հնարավորությունները: Քննարկման արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն վերամշակված մսամթերք արտահանելու  մասին արձանագրություն:

 

 


© 2009 ARMENPRESS.am