Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավարին

16:52, 19 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Նինո Կուտատելաձեն, փորձագետ Օնի Լուսկ-Սթոուվերը, ԿԳՆ ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը, որոնք նպատակ ունեն աջակցել բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթության ոլորտի բարեփոխումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտին ցուցաբերված հետևողական աջակցության համար՝ նշելով, որ կրթության բարեփոխումների շարունակականության և արդյունավետության տեսանկյունից առանձնացվել են որոշակի ուղղություններ, որոնք առաջարկվում է ներառել Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրում:
ԿԳ նախարարը ՀԲ ներկայացուցիչներին ներկայացրել է կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մասնավորապես կրթակարգի, առարկայական չափորոշիչների, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների շարժունությանը, համալսարաններում անձեռնմխելի ֆոնդերի ստեղծմանը և այլ խնդիրների առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների: 


© 2009 ARMENPRESS.am