Հայաստանի և Արցախի 20 կուսակցություն հայկական կուսակցությունների երրորդ
համաժողովի արդյունքներով բանաձև են ընդունել
15:41, 19 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության 20 կուսակցություն եզրափակիչ բանաձև են ընդունել հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի արդյունքներով: «Արմենպրես»-ը ներկայացնում, է բանաձևն ամբողջությամբ:
«Մենք` 2017 թվականի հունիսի 16-18-ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի մասնակիցներս, արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների իրողությունը և կարևորելով
- Հայկական երկու պետություններում քաղաքական համակարգերի կատարելագործումը,
- Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա իրացումը,
- Քաղաքական գործընթացներում հանրային կառավարման արդյունավետությունը,
- Հայկական կուսակցությունների բացառիկ դերակատարությունը հայոց պետականության կերտման գործում և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը համազգային նշանակություն ունեցող հարցերում,
- Հայկական պետություններում կուսակցությունների վերլուծական և կառուցվածքային կարողությունների զարգացման նպատակով փորձագիտական ձևաչափերով քննարկումների համար հարթակների ստեղծման անհրաժեշտությունը,
- Հայկական պետություններում տնտեսության առաջանցիկ զարգացումը և արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև սոցիալական արդարության նպատակային քաղաքականությունը՝.
- Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման քաղաքականությունը, որն ուղեկցվում է նաև մարդկային զոհերով, միաժամանակ ընդգծում ենք, որ իրավիճակի հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
- Վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետագա զարգացման բացառիկ երաշխավորն անվտանգության միասնական համակարգն է, և հատկապես՝ հայկական զինված ուժերը:
- Արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականությունը և ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները լրջորեն վտանգում են բանակցային գործընթացը, խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունը և տարածաշրջանի անվտանգությունը:
- Կարևորում ենք ԼՂ հիմնախնդրի՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծման և բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցության անհրաժեշտությունը:
- Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային հանրությանը հետամուտ լինել շփման գծում միջադեպերի ուսումնասիրության և հետաքննության մեխանիզմների ներդրմանը, դատապարտել Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական քաղաքականությունը, հրաժարվելով անարդյունավետ համահարթեցման մոտեցումներից՝ հասցեական գնահատականներ տալ և նախահարձակ կողմի նկատմամբ կիրառել զսպող մեխանիզմներ:
- Փաստում ենք արտաքին քաղաքականության ոլորտում և միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը:
- Արձանագրում ենք ներկուսակցական ժողովրդավարության և միջկուսակցական հարաբերությունների արդյունավետության մեծացման և հանդուրժողականության անհրաժեշտությունը:
- Նպաստելու ենք ընտրական համակարգերի շարունակական կատարելագործմանը և քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը:
- Վերահաստատում ենք Ստեփանակերտ քաղաքում հայկական կուսակցությունների ամենամյա քննարկումների անցկացման անհրաժեշտությունը՝ ստեղծելով կուսակցությունների ոլորտային կառույցների համատեղ քննարկումների անցկացման զուգահեռ հարթակներ:
- Առաջարկում ենք Սփյուռքի մյուս երկու ավանդական կուսակցություններին հետագայում միանալ այս համաժողովի աշխատանքներին»:
«Ազատ hայրենիք» կուսակցություն
|
«Ազատություն» կուսակցություն
|
«Ազգային միաբանություն»կուսակցություն
«Ազգային վերածնունդ» կուսակցություն
|
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
|
Արցախի Հանրապետության Կոմունիստական կուսակցություն
|
Արցախի Արմենական կուսակցություն
|
Արցախի Հանրապետական կուսակցություն
|
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
|
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
|
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
|
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
|
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն
|
Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն
|
Հայոց Համազգային շարժում
|
«Հանրապետություն» կուսակցություն
|
Հզոր Հայրենիք կուսակցություն
|
Միացյալ Ազատական Ազգային Կուսակցություն
|
«Սահմանադրական Իրավունք» միություն
|
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
|