ՀՀ Նախագահը շնորհավորել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ

15:22, 19 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Դուք հայ երաժշտարվեստի այն երախտավորներից եք, ում տասնամյակների նվիրյալ աշխատանքի շնորհիվ գրվել են հայկական ջազի տարեգրության նշանակալի էջերը: 

Ձեր ստեղծագործությունները սիրված և գնահատված են երաժշտասեր հանրության կողմից, իսկ Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում երկարամյա աշխատանքը, ինչպես նաև մանկավարժական շնորհակալ գործունեությունը ամբողջացնում են արվեստագետի և մտավորականի Ձեր կերպարը»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: 


© 2009 ARMENPRESS.am