Հայաստանի պաշտպանությունից օգտվելու համար Միգրացիոն ծառայություն են դիմել 4 հազար օտարերկրյա քաղաքացիներ

14:57, 19 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանությունից օգտվելու համար 2000 թվականից առ այսօր Միգրացիոն պետական ծառայություն են դիմել 4 հազար օտարերկրյա քաղաքացիներ: Նրանցից 3 հազարին պաշտպանություն է տրամադրվել:

 «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը նշեց, որ ապաստան հայցողների բացարձակ մեծամասնությունը հայեր են: Միայն 75 հոգի են ազգությամբ ոչ հայ՝ արաբ են, ուկրաինացի, ռուս:  Հիմնականում ապաստան հայցողները Սիրիայից են, Ուկրաինայից, Իրաքից:

Այս տարի ապաստանի համար Միգրացիոն պետական ծառայություն է դիմել 52 անձ: Պետրոս Աղաբաբյանը նշեց, որ այս թիվը տարբեր տարիներին տարբեր է լինում:

«Հաշվի առնելով Հայաստանի դիրքը տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ կարող ենք ասել, որ ապաստան հայցելու դինամիկան խիստ կապված է պատերազմական օջախներում իրավիճակի թեժացման հետ: Այն ժամանակ, երբ տարածաշրջանային երկրներում իրավիճակը լարված է եղել, մեզ մոտ ապաստան հայցելու դիմումների քանակը մի քանի անգամ մեծացել է: Երբ մի փոքր հանդարտվել է, դիմումների քանակն էլ է նվազել»,-ասաց Պետրոս Աղաբաբյանը:

ՀՀ-ի պաշտպանությունից օգտվելու իրավունք ստանալու համար անհրաժեշտ են համապատասխան հիմքեր` ռասայական, կրոնական, որոշակի սոցիալական խմբերի պատկանելության, քաղաքական համոզմունքների համար հետապնդում: Հիմք կարող են լինել ռազմական գործողությունները, որոնց պատճառով բնակիչները դուրս են եկել երկրից և չեն կարող վերադառնալ: Ապաստանի տրամադրմամբ, փաստորեն, անձն ունենում է փախստականի կարգավիճակ և օգտվում է Հայաստանի պաշտպանությունից:

Պետրոս Աղաբաբյանը նշեց, որ երբ քաղաքացին ապաստան է հայցում, ապա նրան ժամանակավոր տեղավորում են հատուկ կացարանում: Այնտեղ նա մնում է դիմումի քննման ժամանակահատվածում: Եթե մերժումից հետո դատական կարգով հարցը բողոքարկվում է, ապա նա շարունակում է մնալ այդ կացարանում: Տրամադրվում են սնունդ, հիգիենայի պարագաներ: Փախստականի կարգավիճակ ստանալուց հետո անձն արդեն հաստատվում է Հայաստանում: Ապաստան հայցողները կարող են օգտվել անվճար իրավաբանական ծառայությունից: 2008 թվականին ընդունված օրենքով նրանք ունեին ՀՀ քաղաքացուն հավասար կրթության իրավունք հանրակրթական օղակում, նոր փոփոխություններով դա տրվում է նաև բարձրագույն կրթության դեպքում:


© 2009 ARMENPRESS.am