Կառավարությունը գործելու է հետևյալ սկզբունքով. «Յուրաքանչյուրը կարող է հետապնդել նույն տնտեսական նպատակը, ինչ մեկ ուրիշը»

11:48, 19 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է հետևյալ սկզբունքի հիման վրա. մենք պետք է ունենանք անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է ծրագրում, որն արտահերթ նիստում արժանացել է կառավարության հավանությանը և ներկայացվել Ազգային ժողով:

«Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է, որի չորս սահմաններից միայն երկուսն են բաց։ Մեր երկիրը բախվում է տարածաշրջանային մարտահրավերներին, որոնք սպառնում են մեր անվտանգությանը: Այս համատեքստում առանցքային է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգ զարգացման իրավաքաղաքական և ռազմական կայուն երաշխիքների ձևավորման խնդիրը: Մենք կանգնած ենք մեր սահմանները պաշտպանելու մարտահրավերների և, միաժամանակ, երկու անմիջական հարևան-բարեկամ պետությունների հետ հարաբերությունները խթանելու խնդրի առջև: Ելնելով այդ հանգամանքներից՝ մենք պետք է շարունակենք զարգացնել մեր ռազմական կարողությունները՝ ապահովելով ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, մշտապես կատարելագործումն ու համընթաց արդիականացումը, ինչպես նաև ժամանակակից սպառազինությունը»,- նշված է ծրագրում:

ՀՀ կառավարությունը պետք է կենտրոնանա ներքին խնդիրների լուծման և հասարակական բարեկեցության բարձրացման հնարավորությունների վրա՝ ընդգծելով մեր երկրում ընտանիքի կյանքի որակի ու ապագա սերնդի արժանապատիվ ապրելու հեռանկարների՝ ներառյալ կրթության, առողջապահության և զբաղվածության մատչելիության ապահովման կարևորությունը: Ըստ ծրագրի, Հայաստանի անվտանգության համատեքստում ՀՀ կառավարությունը կարևորում է մեր բնական պաշարներն արդյունավետ, թափանցիկ օգտագործելու և այդ ոլորտում պետության համար առավելագույն շահույթի ձևավորման խնդիրը, քանի որ դրանք ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագա սերունդների անվտանգությունն ապահովելու համար կարևորագույն գործոններից են։ ՀՀ կառավարությունը շարունակելու է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում երկրի ունեցած զգալի ներուժի իրացմանը միտված ակտիվ քաղաքականությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների ավելացման և էներգախնայողության վրա։ Մեր երկրի զարգացումը պետք է ուղղված լինի այն մարտահրավերների հաղթահարմանը, որոնց այսօր բախվում է Հայաստանը: Այդ նպատակով, նախևառաջ, ՀՀ կառավարությունը պարտավորվում է բարձրացնել և ամրապնդել արդարության և վստահության մթնոլորտը մեր հասարակությունում: Դրան հասնելու համար կառավարությունը նախաձեռնել է բարեփոխումներ՝ նպատակ ունենալով զարգացնելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հանրային կառավարման ինստիտուտների ղեկավարման կարողություններն ու մոտեցումները և բարելավելու որակը` վերջիններս դարձնելով առավել արդյունավետ,մարդակենտրոն, թափանցիկ և ներառական, ինչպես նաև բարձրացնելով այդ մարմինների և ինստիտուտների հաշվետվողականությունը հանրության առջև:

«Մենք հաջողելու այլ ճանապարհ չունենք, քան ապահովելը, որ բոլորը վստահ լինեն Հայաստանում իրենց ներուժն առավելագույնս կյանքի կոչելու հնարավորության հարցում։ Ամեն ձեռնարկատեր պետք է վստահ լինի «Յուրաքանչյուրը կարող է հետապնդել նույն տնտեսական նպատակը, ինչ մեկ ուրիշը» սկզբունքի կիրառման, արդար և առողջ մրցակցային միջավայրի անխուսափելիության հարցում»,- նշված է ծրագրում:

 ՀՀ կառավարությունն իրականացնելու է համալիր միջոցառումներ ուղղված դատական համակարգի անկախության և անաչառության երաշխավորման գործում արդյունավետ և կանխատեսելի արդարադատություն ապահովելու համար։ Պետք է ձգտենք նրան, որ իրավական վեճ ունեցող յուրաքանչյուր ոք համոզված լինի, որ ՀՀ դատական համակարգի միջոցով իրենց խնդիրներին կտրվի արդար և անաչառ լուծում։

«Կոռուպցիան մեծագույն չարիք է, որի դեմ մենք պետք է պայքարենք բոլոր հնարավոր և օրինական միջոցներով։ ՀՀ կառավարությունը, իր իրավասության շրջանակներում, միջոցներ կգործադրի կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի զարգացումն ու լիարժեք կիրառումն ապահովելու համար, որպեսզի ապահովվեն իշխանության՝ հասարակության հետ հետադարձ կապը և հանրության կողմից վերահսկողությունը: Սոցիալական պաշտպանության ոլորտում անցում կկատարվի դեպի նոր քաղաքականության, որի հիմնական նպատակը սոցիալական անարդարություն ծնող պատճառների և ոչ նպատակային օժանդակության թիրախավորումը, այնուհետև դրանց չեզոքացմանն ու կանխարգելմանը միտված ծրագրերի իրականացումն են»,- ասված է ծրագրում: Զուգահեռաբար ընդլայնվելու է պետության կողմից իրապես կարիքավոր խմբերին տրամադրվող նպատակային սոցիալական օժանդակությունը: Անվճար ծառայությունները, այդ թվում՝ բժշկական օգնությունը, պետք է տրամադրվեն միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը պետք է կանգնած լինի Հայաստանում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր անձի կողքին:

Հայաստանի զարգացման հիմքում պետք է դրվի «խելացիի» գաղափարը: Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա շնորհիվ ժամանակակից, աշխարհում մրցունակ, բարձր որակավորում ունեցող, կիրթ, մոտիվացված և շարժունակ աշխատուժի:

ՀՀ կառավարությունը կվերանայի երկրում գործող կրթական համակարգը բոլոր մակարդակներում՝ հանրությանը զինելու այն գիտելիքներով և հմտություններով, որոնք կենսական նշանակություն կունենան հաջորդ տասնամյակներում: Ժամանակակից գլոբալ մարտահրավերների համատեքստում Հայաստանի համար խելացի և նորարար տնտեսություն ունենալուն այլընտրանք չկա: Խելացի կառավարման հիմքում դրված է առկա միջոցներով առավելագույն արդյունքի հասնելու սկզբունքի կիրառումը: Ըստ կառավարության, զարգացման այս հրամայականի ներքո կրթության ոլորտում բարեփոխումները պետք է ոչ միայն անդրադառնան այսօրվա խնդիրներին, այլ նաև ապահովեն, որ մենք ունենանք մրցունակ և ստեղծագործ մարդկային ռեսուրս թե՛ ներկայի, թե՛ ապագայի համար:


© 2009 ARMENPRESS.am