Տաջիկստանի նախագահը ԼՂ հակամարտության կարգավորման ամենակառուցողական ճանապարհ համարում է բանակցությունները

20:45, 14 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակառուցողական ճանապարհը բանակցություններն են: Այս մասին ասաց Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների առջև արված հայտարարության ժամանակ: «Տարածաշրջանային խնդիրների քննարկման ընթացքում մենք մտքեր ենք փոխանակել Աֆղանստանի հիմնախնդրի վերաբերյալ, մեր մտահոգությունն ենք հայտնել տարածաշրջանի որոշ երկրներում ընթացող գործընթացների վատթարացման վերաբերյալ: Ելնելով մեր խաղաղապահ փորձից՝ մենք համերաշխություն ենք հայտնում առկա հակասությունների և հակամարտությունների կարգավորման խաղաղ սկզբունքներին՝ համընդհանուր միջազգային նորմերի շրջանակներում: Մեր համոզմամբ Լեռնային Ղարաբաղի նման բարդ հակամարտության լուծման ամենակառուցողական ճանապարհը բանակցություններն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ´ նշեց Ռահմոնը:

Տաջիկստանի նախագահը հավելեց, որ ՀՀ Նախագահի հետ  մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի արդիական մի շարք հարցերի վերաբերյալ: «Մեր ուշադրության կենտրոնում եղել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդումը: Մենք քննարկել ենք այս ուղղությամբ երկկողմ համագործակցության հեռանկարները ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում և այլ բազմակողմ միություններում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել համագործակցությունը գլոբալ սպառնալիքների, ահաբեկչության, ծայրահեղականության, թմրամիջոցների մաքսանենգ ճանապարհով տեղափոխման և կազմակերպված հանցավորության այլ տեսակների  դեմ պայքարում»,- եզրափակեց նա:

 

 


© 2009 ARMENPRESS.am