Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենին

17:57, 12 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետն ընդգծել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության կարևորությունը և գոհունակություն հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքին:

Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և ավելացրել, որ ՀԱԷԿ-ի ծրագիրն էներգետիկ ոլորտում երկու պետությունների համագործակցության կարևորագույն ծրագրերից մեկն է: Այնուհետև «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը վարչապետին է ներկայացրել աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել հետագա անելիքներին:


© 2009 ARMENPRESS.am