Ինչպես ճանաչել բժիշկներին

11:41, 12 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակի առավոտյան ամենաշուտն արթնանում են փողոցը մաքրողներն ու սրբում Կասկադի շրջակայքում նախորդ գիշերվանից գոյացած աղբը: Սրճարանում ուղղում են աթոռները, մինչ քարե սալահատակի վրա՝ կանաչապատ ճաղերի կողքին մեքենան կայանի առաջին այցելուն՝ համակարգիչը ձեռքին:

- Պոմիդորով ձվածեղ, կխնդրեմ կծու և ձեր հատուկ թավայի մեջ: Եվ սառույցով կոլա:

Հիրավի, կիրակի առավոտյան նախաճաշի հիանալի ընտրություն: Անցորդ բարեկամը կհարցնի՝ բայց չէ որ Դուք բժիշկ եք, սոված փորին արդյոք կարելի է կոլա խմել:

- Իհարկե ոչ, - կպատասխանի նա առանց րոպե իսկ մտածելու, - բայց պոմիդորով ձվածեղի հետ շատ համով է ստացվում:

Նրանք շատ տարբեր են, կարճ կամ բարձրահասակ, սևաչ կամ խարտյաշ, սպիտակած և կամ ճաղատ, օպտիկական կամ արևային ակնոցով, նիհար կամ գեր, հումորով կամ առանց: Հիմնականում նախընտրում են խորոված, սակայն չեն հրաժարվի նաև ցուրտ եղանակին պատրաստված խաշից: Խմիչքների մեջ, որպես կանոն, նախընտրում են օղին՝ համարելով այն պակաս անվտանգ, կամ էլ առավել խորաթափանց:

Նրանցից ոմանք նկարում են, ոմանք գրում, բայց մեծամասամբ, նրանք բոլորն էլ երգում են ու պարում՝ մանավանդ օղու համարժեք չափաբաժնից հետո: Կան նրանց մեջ արվեստի լուրջ սիրահարներ, ովքեր փորձագիտորեն տիրապետում են Ռաֆայելին և Ռեմբրանդտին, Շիլեին և Կոկոշկային, կարող են վերարտադրել Հայդնի սիմֆոնիաները, կամ էլ ցիտել Եսենինին ամբողջությամբ, սակայն, միևնույն ժամանակ, կան նաև այնպիսիները, ում ընդհանրապես չեն հետաքրքրում նման բարձր «հաճույքները»:

Նրանք ծայրահեղություններ են: Նրանցից շատերը սպիտակ գինու մեջ լցնում են սառույց, չնայած այլոք դա համարում են էթիկետի խախտում: Նրանք գանգատվում են հիվանդների անընդհատ անհանգստացնող զանգերից, սակայն երբ այդ զանգերը պակասում են, նմանապես գանգատվում են այդ պակասից: Նրանք սիրում են մասնակցել կոնֆերանսների, սակայն առավել շատ սիրում են կոնֆերանսների ընդմիջումներն ու նրանց հաջորդող ընթրիքները:

Նրանք բոլորն էլ ունեն առիթների համար նախատեսված հատուկ սպիտակ խալաթ և, նույնիսկ եթե մասնագիտությունը չի էլ պահանջում, նրանք անպայման ունեն ստետոսկոպ: Նրանցից ոմանք սիրում են գեղեցիկ հագնվել և ամեն արտասահմանյան այցի ժամանակ չեն մոռանում շոփինգի մասին, իսկ ոմանք էլ ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում հագուստին՝ չէ որ նրանք միշտ ծայրահեղությունների մեջ են: Սիրում են կատակել, նույնիսկ երբ դա նրանց մոտ ոչ այդքան լավ է ստացվում, սիրում են բարձր ծիծաղել և նկատել այնպիսի մանրուքներ, որոնք այլոց համար տեսանելի չեն: Նրանք բոլորն էլ սիրում են օգտագործել ուրիշներին անհասկանալի բառեր, որոնցից որոշների իմաստն, իրականում, իրենք էլ չգիտեն:

Եթե Դուք գանգատվում եք ճնշման բարձրացումից, իսկ Ձեր զրուցակիցը խորհուրդ է տալիս դիմել սրտաբանին, և ոչ թե նշանակում իր տատիկին օգնած դեղերը, ապա նա հաստատ սրտաբան չէ, բայց մեծ հավանականությամբ բժիշկ է:

Եվ վերջապես, եթե ինքնաթիռում ուղեկցորդուհին հայտնում է, որ ուղևոր է վատացել, և ինքնաթիռում բժիշկ է փնտրում, իսկ այդ պահին Ձեր կողքի ուղևորը դուրս գալու անհանգիստ շարժումներ է անում, տեղ տվեք նրան, ամենայն հավանականությամբ նա բժիշկ է:

Գևորգ Ն. Թամամյան
Բժշկական գիտությունների թեկնածու, գիտությունների մագիստրոս

ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դասախոս

Գերմանիայի Ուլմի համալսարանի մանկական ուռուցքաբանության դասախոս

ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան, արյունաբան


© 2009 ARMENPRESS.am