Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված Արսեն Բաղդասարյանին

16:57, 9 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են 2014 թվականի դեկտեմբերից Ադրբեջանում գերի պահվող հայ զինծառայող Արսեն Բաղդասարյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովանը նշել է , որ այցելությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ:

«ԿԽՄԿ աշխատակիցների միջոցով գերին և նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկատվությամբ»,- ասել է նա: Հուսեյնովան նշել է, որ այցն իրականացվել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի համաձայն:

Արցախի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 29,120.2.7 (2 կամ մի շարք անձանց միտումնավոր սպանելու փորձ), 29,120.2.12 (ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով միտումնավոր սպանություն) և 29,282.2 (Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ապահովությունը և պաշտպանունակությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու, այս կամ այն նպատակներով զանգվածային թունավորման կամ մարդկանց ու կենդանիների շրջանում ինֆեկցիոն հիվանդություններ տարածելու):

Առավել վաղ Արսեն Բաղդասարյանը մեղադրվում էր նաև հետևյալ հոդվածները խախտելու համար՝ 218.2 (հանցավոր կազմակերպության անդամակցություն), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից նախապես համաձայնեցված սպանության փորձի)։

Հունվարի սկզբին ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե իբր 2014թ դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում հայտնված ՊԲ զինծառայող, պայմանագրային Արսեն Բաղդասարյանը ինքնակամ է անցել ադրբեջանական կողմ ու չի ցանկանում վերադառնալ Հայաստան։ Այս մասին Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում պահվող Բաղդասարյանն իբր ասել է իրեն տեսակցության եկած ադրբեջանցի իրավապաշտպաններ Էլչին Բեխբուդովին ու Էլչին Շիրինովին՝ նշելով, որ ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր։

Մինչ այդ՝ 2014թ դեկտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե իբր հայկական կողմը դիվերսիայի անհաջող փորձ է արել, ինչի հետևանքով «դիվերսիոն խմբի» անդամներից մեկը՝ Արսեն Բաղդասարյանը հայտնվել է Ադրբեջանում։

Ավելի ուշ ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է հայկական կողմի դիվերսիայի մասին տեղեկատվությունը, սակայն նշել է, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը՝ հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

 


© 2009 ARMENPRESS.am