Մանկական բեսթսելեր 4/17. «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ամենավաճառվածն է

09:55, 7 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքն է: Առաջին անգամ այն լույս է տեսել 20 տարի առաջ: Վեպի հիման վրա 2001 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը մեծ աղմուկ է բարձրացրել ու արժանացել  և՛ փոքրիկների, և՛ մեծահասակների ուշադրությանը:

Մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երկրորդ տեղն է զբաղեցրել Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ստեղծագործությունը: Ամառային արձակուրդներն ավարտվում են, և Հարի Փոթերը կրկին վերադառնում է Հոգվարդի վհուկության և կախարդության դպրոց: Դղյակի պատերին հայտնվող սպառնալից գրությունները զգուշացնում են, որ գաղտնիքների սենյակը կրկին բացվել է:

Իր դիրքերն անհամեմատ բարելավել և երրորդ տեղն է զբաղեցրել Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» գրքը: Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Առաջնից չորրորդ հորիզոնական է իջել «Արև, արև, եկ, եկ»  մանկական բանաստեղծությունների ժողովածուն, որում զետեղված են տարբեր սերնդի հայ մանկագիրների ստեղծագործություններ:

Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: Հինգերորդ տեղում «Հեքիաթներ քնելուց առաջ» ժողովածուն է, որը ներառում է պարտադիր ընթերցելու յուրահատուկ հեքիաթներ:

Վեցերորդ հորիզոնականում «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքն է: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:

«100 դասական հեքիաթներ» ժողովածուն զիջել է իր դիրքերը և յոթերորդն է; Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

Մանկական բեսթսելերի ութերորդ հորիզոնականում  Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Իններորդ տեղում «Հայ ժողովրդական հեքիաթներ»-ն են: Գրքում ներկայացված են հեքիաթներ, որոնք չափազանց հետաքրքիր են, դաստիարակչական:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է «Լինում է, չի լինում» հեքիաթների պատկերազարդ ժողովածուն: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթների հերոսները փոքրիկների ամենասիրածներն են: Այս հեքիաթների նոր նկարազարդումներն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» գրախանութը (53-74-13), «Զանգակ» (23-26-49) և Էդիթ Պրինտ (52-08-48) հրատարակչությունները: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1

Ջ. Ռոուլինգ

«Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 56
2

Ջ. Ռոուլինգ

«Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

Զանգակ 43
3

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 36
4 «Արև, արև, եկ, եկ» Էդիթ Պրինտ 32
5 «Հեքիաթներ քնելուց առաջ» Բուկինիստ 29
6 «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» Անդրանիկ 28
7 «100 դասական հեքիաթներ» Զանգակ 24
8

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 23
9 «Հայ ժողովրդական հեքիաթներ» Հաշ ընդ Հաշ 22
10

«Լինում է չի լինում»

պատկերազարդ հեքիաթներ

Զանգակ 19
«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

© 2009 ARMENPRESS.am