Սպասվող լրահոս. 06.06.2017

09:00, 6 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:  

Հայաստանյան պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, այսօր`հունիսի 6-ին, մեկնում է Հռոմ՝ մասնակցելու հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին եւ հայ-իտալական գործարար համաժողովին: Նախարար Նալբանդյանի այցելության ընթացքում նախատեսվում են երկու երկրների արտգործնախարարների բանակցություններ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր քառօրյա աշխատանքը կսկսի Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը: Ժողովին կմասնակցեն շուրջ 150 պատգամավոր՝ Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից ու աշխարհասփյուռ թեմերից ընտրված ներկայացուցիչներ:

Մի շարք արաբական երկրներ Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները: Այս գործընթացն ի՞նչ հնարավոր ազդեցություն կթողնի մերձավորարևելյան զարգացումների վրա: Արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Պետրոսյանը կխոսեն թեմայի շուրջ: Նրանք նաև կանդրադառնան վերջին շրջանում հաճախակի դարձած ահաբեկչություններին` որպես մերձավորարևելյան ներկայիս իրողությունների հետևանք:

Լրագրողների հետ կհանդիպեն «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ-փորձագետ Ատոմ Մարգարյանը: Նրանք կանդրադառնան բեռնափոխադրումների խնդիրներին:

Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային  համալիրում կանցկացվի «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցույթին մասնակցեցին 6-10-րդ դասարանների շուրջ 300 աշակերտ՝ Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներից, ինչպես նաև ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից աշակերտներ: Մրցույթի արդյունքում 31 աշակերտ կստանան պատվոգրեր և մրցանակներ, իսկ եզրափակիչ փուլի մյուս մասնակիցներին կտրվի վկայագրեր:

Այսօր աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Կոմպոզիտորի ծննդյան օրը Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա նրա կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, կիսանդրու հեղինակ՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ Միքայել Սողոյանը, Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի ժյուրիի անդամները և այլք: Ավելի ուշ կմեկնարկի Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը: Այն տեղի կունենա Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեդմիական թատրոնում:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն էլ կանցկացվի մամուլի ասուլիս` նվիրված Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական ամենամյա 8-րդ փառատոնին: Բանախոսները կներկայացնեն մանրամասներ սպասվող փառատոնի մասին: Նշենք, որ առաջին անգամ այդ փառատոնն անցկացվել է 2008թ՝ Արամ Թալալյանի ղեկավարությամբ՝ որպես թավջութակի երաժշտության փառատոն: Երկու տարի անց՝ 2010 թվականին արվեստների պատկերասրահ մշակութային հիմնադրամի աջակցությամբ փառատոնն ընդլայնվեց: Այս տարվա թառատոնը նվիրվում է Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am