Գյումրիում  կայացավ  «Խազեր» երիտասարդական երգչախմբի մասնակցությամբ բացօթյա համերգ

12:50, 4 Հունիս, 2017

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Գյումրու Թատերական հրապարակում հունիսի 3-ին երեկոյան տեղի ունեցավ բացօթյա համերգ՝ «Խազեր» երիտասարդական երգչախմբի մասնակցությամբ:

«Խազեր» երգչախումբը հիմնվել է մոտ 4 տարի առաջ՝  մի քանի երիտասարդների կողմից, ում միավորում է սերը դեպի Կոմիտասի երաժշտությունը:  «Խմբի հիմնման նպատակը հենց Կոմիտասի երգերի կատարումն էր, իսկ քանի որ նա վերծանում էր հայկական խազային գրառմամբ երաժշտությունը, ապա և որոշեցինք մեր խումբն անվանել «Խազեր», - «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց  խմբի գեղարվեստական  ղեկավար Անի Նավասարդյանը: 

Գաղափարի շուրջ խումբը Երևանում շատ արագ է ձևավորվում, որին հետևում են համերգային ծրագրերն ինչպես արտերկրում, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում:  Կոմիտասյան մեղեդիների զուլալ ու անթերի կատարումը,   ազգային մեղեդիները երիտասարդ սերնդին հասցնելու մեծ նպատակն արդեն իր ծիլերը գտել են նաև Գյումրիում ՝ մոտ մեկ ամիս առաջ «Խազեր»-ն արմատ գցեց նաև Գյումրիում. խմբի գյումրեցի երգիչների հորդորով՝ որոշվեց և  մեկ խումբ էլ ստեղծվեց  Գյումրիում:

Գյումրիում բացօթյա համերգին մասնակցեցին ինչպես երևանյան «Խազեր»-ը, այնպես էլ նորաստեղծ՝ Գյումրիում ստեղծված համանուն երգչախումբը: Գյումրեցիների ընդունելությունը հաստատեց՝ իրական ազգային ու կոմիտասյան երաժշտության պահանջարկը մեծ է:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am