Սիպիլն ու Անդրե Սիմոնյանը ներկայացրին համատեղ երգի տեսահոլովակը 

16:10, 2 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  The beautified project ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանն ու պոլսահայ երգչուհի Սիպիլը իրենց նոր երգով հայրենադարձության կոչ են անում՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պատասխան 100 տարի անց» համալիր ծրագրի նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ տեղի ունեցավ Սիպիլի և Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու…» երգի տեսահոլովակի շնորհանդեսը։ 
Ներկայացնելով նախաձեռնությունը՝ երգի հեղինակ Հասմիկ Հախվերդյանը նշեց, որ իրենք ցանկանում են այս երգի հայրենասիրական յուրահատուկ բառերով տունդարձի մի յուրահատուկ ալիք բարձրացնել։ 
«Երկուսն էլ սփյուռքահայ են՝ մեկը պոլսահայ, մյուսը՝ պարսկահայ, ով հետագայում իր գործունեությունը ծավալել է Միացյալ Թագավորությունում։ Իրենց առաջին այցը դեպի Հայաստան երկուսի համար էլ որոշիչ դեր է ունեցել յուրաքանչյուրի կյանքում, քանի որ հայրենի հողի ուժի մասին մեր պատմությունում շատ է խոսվել։ Երգը հայրենադարձության կոչ է, և երգի վերնագիրն ու, ընդհանրապես, ողջ երգն ապրեցնելու և գովելու իմաստ ունեն»,- ասաց Հասմիկ Հախվերդյանը։ 
Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը երգչուհի Սիպիլին եզակի արվեստագետ անվանեց։ «Սիպիլը Թուրքիայում պետական բեմում հիմնականում հանդես է գալիս հայերեն երգերով, և նա միակն է այդ պետությունում, ով ունի դրա թույլտվությունը։ Սա նշանակում է, որ մենք այնտեղ ունենք մի հզոր դեսպան, ով մեղմացնում է այն բոլոր նեգատիվ երևույթները, որոնք կարող են ուղղված լինել դեպի մեզ։ Այս ամենը շնորհիվ իր թովիչ ձայնի և այն նրբաճաշակ ընտրության, որը վերաբերում է իր երգացանկին։ Սիպիլը մեզ համար բացառիկ երևույթ է, և այդ բացառիկությունը հզորացավ նաև Անդրե Սիմոնյանի հետ համագործակցությամբ : Եվ արդյունքն այսօր մի հիանալի երգ ու տեսահոլովակ է։ Երգը, հայրենադարձության կոչ լինելուց առաջ, հաղորդակցություն է օտար եզերքներում քայլող հայի սրտի հետ»,- ասաց Սրապիոնյանը։ 
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանն էլ «Պատասխան 100 տարի անց» նախաձեռնությունը գժություն անվանեց, որը հավաքել է տարբեր հետաքրքիր մարդկանց մի տեղում։ 
«Նախաձեռնության շուրջ հավաքված մարդիկ մի հզոր միավոր են դարձել, և հետագայում մենք կտեսնենք դրա ուժը։ Տեսահոլովակի ձևաչափը, իմ կարծիքով, շատ կարևոր է հանրահռչակման, կոչի համար։ Հույս ունեմ, որ երգի ու տեսահոլովակի միջոցով մեզ համար կարևոր արձագանքներ կարձանագրենք»,- ընդգծեց Ղազարյանը։ 
Քանի որ երգն ուղղված է աշխարհասփյուռ հայությանը, որպեսզի նրանք հայրենիք վերադառնան՝ Անդրե Սիմոնյանը և Սիպիլը պատմեցին իրենց առաջին այցի մասին Հայաստան, իրենց զգացողությունների մասին։ Սիմոնյանը նաև հավելեց, որ ինքն արդեն 11 տարի ապրում է Հայաստանում և շատ երջանիկ է։ 
Նախաձեռնությանն աջակցել են հոլանդական «Բրուններա» հիմնադրամը և «Տերյան» մշակութային կենտրոնը։ 


© 2009 ARMENPRESS.am