Կառավարությունը հավանություն տվեց Կատարի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացմանը

13:12, 1 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը քննարկում է մի շարք երկրների քաղաքացիների համար դեպի Հայաստան մուտքի վիզայի ազատականացման հարցը: Այդ մասին կառավարության նիստում ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նրանից հետաքրքրվեց՝ կառավարությունն ունի՞ ցանկ, թե որ երկրների հետ է արտոնյալ վիզաների ռեժիմի սահմանումը ցանկալի, որպեսզի զբոսաշրջությունը խթանվի:

Ի պատասխան Քոչարյանն ասաց. «Քննարկվում է մի շարք երկրների մասով վիզաների ազատականացման հարցը, քննարկումների արդյունքները կներկայացվեն կառավարության աշխատակազմ»: Միաժամանակ, կառավարությունը հավանություն տվեց Կատարի Պետության քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից ազատելու նախագծին:

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Կատարի միջև հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում են նոր առաջընթաց: Ավելանում է տարածաշրջանից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը:

Ներկայումս դեպի Երևան չվերթներ է իրականացնում Qatar Airways ավիաընկերությունը, և հետաքրքրություն կա ավելացնելու այդ չվերթների քանակը: Նկատելի է նաև Կատարի քաղաքացիների՝ Հայաստան այցելությունների թվաքանակի էական աճը: Վերջիններիս այցելության հիմնական նպատակն է զբոսաշրջությունը, սակայն հետաքրքրված են նաև անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներով:


© 2009 ARMENPRESS.am