ԱԻՆ-ը խստորեն վերահսկելու է գազալցակայանների աշխատանքը. Դավիթ Տոնոյան

14:18, 28 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ նախարարությունը գազալցակայաններում ստուգումներ իրականացնելու հարցում դժվարություններ չունի: «Մենք չենք դժվարանում ստուգումները սկսել, ուղղակի տեխնիկական նախապատրաստական աշխատանքներ են պահանջվում, որպեսզի ճիշտ գործողություններ սկսենք։ Ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե ստուգում, այլ վերահսկողություն», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ԱԻ նախարարությունը վերահսկելու է գազալցակայանների կատարած աշխատանքը և ստուգելու է, թե ինչ ճնշմամբ գազ է մատուցվելու սպառողին:
Դիտարկմանը, թե գազալցակայաններում ստուգումներն ուշանում են, քանի որ դրանք պատկանում են տարբեր պաշտոնյաների, Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ ինքը ուշադրություն չի դարձնում, թե որ մասնավոր կազմակերպությանն է պատկանում այս կամ այն գազալցակայանը՝ ընդգծելով, որ իրենց համար դա չի լինելու կարևորը:

Նախարարը նաև հավելեց, որ այն գազալցակայաններում, որոնցում կհայտնաբերվեն խախտումներ, դրանց աշխատանքը կդադարեցվի, մինչև խախտումները չվերացվեն: 


© 2009 ARMENPRESS.am