Եվրամիությունը խրախուսում է ՀՀ Ազգային ժողովին օրակարգում մարդու իրավունքներին կարևորություն տալու հարցում

17:40, 27 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը խրախուսում է ՀՀ Ազգային ժողովին օրակարգում մարդու իրավունքներին կարևորություն տալու հարցում: «Արմենպրես» -ի հաղորդմամբ` Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին մայիսի 27-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանի հետ Բրյուսելում Մարդու իրավունքների վերաբերյալ մայիսի 29-ին եւս մեկ երկխոսություն տեղի կունենա, որտեղ կքննարկվեն  մարդու իրավունքներին վերաբերվող տարբեր հարցեր: «Մենք շատ ուրախ ենք փաստել, որ որոշ ոլորտներում կա առաջընթաց, բայց մենք կօգտվենք այս երկխոսության հնարավորությունից, որպեսզի բարձրաձայնենք մեր մտահոգություններն այն ոլորտներում, որտեղ մեր կարծիքով լրացուցիչ առաջընթաց է անհրաժեշտ»,-ասաց նա:

Սվիտալսկին նշեց, որ Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ներկայացուցիչների այցելության ընթացքում  հարցեր բարձրացվեցին՝ ուղղված Ազգային ժողովին: Հանձնաժողովի նախագահը որոշակի առաջարկներ եւ կոչեր արեց, որոնք վերաբերվում էին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: «Ակնհայտ դարձավ, որ կան մի շարք առաջնահերթություններ, որոնք հարկ է ներգրավել ԱԺ օրակարգում եւ որ այն օրենքները, որոնք ինքնուրույնաբար Հայաստանի կառավարությունը հանձն է առել ընդունել, շուտով կընդունվեն Ազգային Ժողովում»,-ասաց ԵՄ դեսպանը: 


© 2009 ARMENPRESS.am