ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության աշխատանքը

21:51, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությանը հնարավորություն տալ առանց  էական փոփոխությունների շարունակել աշխատանքը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք ընդհանուր առմամբ այս փուլում դրական ենք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքը: Կառավարության կազմում կլինի մեկ փոփոխություն: Արփինե Հովհաննիսյանի փոխարեն, ով արդեն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ, արդարադատության նախարարի պաշտոնում կփոխարինի Դավիթ Հարությունյանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Շարմազանովը:

ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են նաև Ազգային ժողովի առաջին նիստի աշխատանքները, ինչպես նաև ապագա անելիքները: Խորհրդարանական պատվիրակությունների և բարեկամական խմբերի կազմերն այս պահին քննարկման փուլում են: 


© 2009 ARMENPRESS.am