Քննարկվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագիծը
13:49, 25 Մայիս, 2017ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «GIZ» աջակցությամբ այսօր տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում:
GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում անցկացվուղ հանդիպմանը մասնակցել են պետական ու մասնավոր շահագրգիռ կազմակերպությունների շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ նոր օրենքի նախագծի մշակման հիմքը քաղաքացիական հասարակության պահանջն էր, ինչպես նաև 2003 թվականին ընդունված գործող օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, որոնք այս օրենքի կարգավորման առարկան են հանդիսանում: Նրա խոսքով՝ նոր օրենքի նախագիծն ուղղված է մարդու իրավունքների իրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և մասնակցային կառավարմանը: Որպես կարևոր դրույթներ՝ նախարարի տեղակալն առանձնացրել է Էլեկտրոնային հարցումների ներդրման, տեղեկատվություն տիրապետող մարմինների կողմից պրոակտիվ քաղաքականության և տեղեկատվական ռեեստրների վարման ու հրապարակման կարգավորումները:
Փոխնախարարն անդրադարձել է նաև ամենաշատ քննարկված՝ տեղեկատվության ազատության համար լիազոր մարմնի ստեղծմանը և նշել, որ այդ գաղափարը տեղեկատվության ազատության ոլորտում լրացուցիչ կառուցակարգեր ստեղծելու նպատակ ունի:
Ամփոփելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի որպես հիմնական սկզբունք նշել է, որ այն քննարկվելու և ընդունվելու է շահագրգիռ բոլոր կողմերի հետ լայն կոնսենսուսի հիման վրա:
Այնուհետև GIZ փորձագետ Նորա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է օրենքի նախագծի շուրջ ՀՀ արդարադատության նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության համատեղ աշխատանքը և օրենքի նախագծի նախապատրաստական ողջ շրջանը:
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության փորձագետ Օտտո Լուխտերհանդթը քննարկման մասնակիցներին ներկայացրել է օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտարկումները և նշել, որ այս նախագիծն ավելի ժամանակակից է, քան գործող օրենքը, հատկապես թվայնացման առումով, սակայն հիմքեր կան օրենքն ավելի բարելավելու: Որպես դրական առանձնահատկություններ նա նշել է պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման ընթացակարգը, տեղեկատվության ստացման համար էլեկտրոնային միջոցների կիրառման դրույթը:
Փորձագետի դիտարկումներին հաջորդել է նաև մասնագիտական քննարկում՝ օրենքի նախագծի բարելավման նպատակով:
© 2009 ARMENPRESS.am