«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նոր նախագիծը կհանդիսանա հակակոռուպցիոն գործիք

11:37, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում նախատեսված փոփոխությունները կապահովեն պետական համակարգի թափանցիկությունը, արդյունավետությունը և քաղաքացիների մասնակցությունը պետական քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կհանդիսանան հակակոռուպցիոն գործիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Շուրջ երկու տարի Արդարադատության նախարարությունն աշխատում է տեղեկատվության ազատության ոլորտում օրենսդրության կատարելագործման ուղղությամբ: Հիմնական նպատակն է ապահովել սահմանադրության ամրագրված տեղեկություններ ստանալու մարդու իրավունքը և ծառայեցնել տեղեկատվության ազատությունը, որպեսզի ունենալ արդյունավետ, թափանցիկ պետական կառավարման: Սա կլինի նաև հակակոռուպցիոն գործիքորովհետև ինչքան պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ տեղեկությունները բաց են, այնքան կոռուպցիոն ռիսկերը ցածր են»,- ընդգծեց Քրմոյանը:

 Նրա խոսքով՝ ընտրվել են այն օրենքներին վերաբերող չկարգավորված հարցերը, որոնք ծագել են նախորդ օրենքի ընդունման ժամանակ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիայի զարգացմամբ պայմանավորված:

«Օրենքի նախագծում ամրագրվել է տեղեկության միասնական էլեկտրոնային հարթակի գաղափարը, որը թույլ է տալու քաղաքացիներին այդ հարթակի միջոցով բոլոր պետական մարմիններին հարցումներ ուղարկել և տեղեկություններ ստանալ: Բացի այդ, նախագծով փորձում ենք լուծել էլեկտրոնային հարցումների հետ կապված խնդիրները, որոնք  ծագում են վճարովի տեղեկությունների հետ կապված: Այս մասով որպես հիմնական սկզբունք ամրագրվել է, որ տեղեկության տրամադրումը անվճար է բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝ փաստաթղթի պատրաստման, առաքման ծախսերի համար»,- նշեց Քրմոյանը:

Արդարադատության նախարարի տեղակալը հավելեց, որ սույն նախագիծը քաղաքացիական հասարակության հետ քննարկման կարիք ունի, և առանց փոխհամաձայնության Ազգային Ժողով չի ներկայացվի:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների  նախագծին կարող եք ծանոթանալ https://www.e-draft.am/projects/151 հղումով:


© 2009 ARMENPRESS.am