Արևելագետը Թուրքիայի ներքաղաքական կյանքում լուրջ ցնցումներ չի կանխատեսում

18:10, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վերջին տարիների քաղաքականությունը ցույց է տալիս, որ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանը և իր թիմակիցները եվրաինտեգրմանը մեծ նշանակությունը չեն տալիս, քանզի ներկայումս թուրքական իշխանության հայացքը սևեռած է դեպի Մերձավոր Արևելք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 23-ին լրագրողների հատ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Էրդողանը փորձում է հակակշռել  եվրաինտեգրման նկատմամբ հետաքրքրության նվազումը Մերձավոր Արևելքում  դիրքերի ուժեղացմամբ: Բացի այդ, Էրդողանը ներկայացնում է հասարակության այն հատվածը, որոնք հակված են Թուրքիան տեսնելու որպես մեծ, հզոր պետություն, որը վարում է ինքնուրույն քաղաքականություն»,- նշեց Սաֆրաստյանը:

Անդրադառնալով ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում  Էրդողանի անվտանգության ծառայողների սանձարձակ գործողություններին՝ Սաֆրաստյանը նշեց, որ իր համար այդ ամենը նորություն չէր:

«Էրդողանի համար դա սովորական գործելակերպ է: Լատինաամերիկյան երկրներից մեկում այս դեպքից երկու տարի առաջ նույն բանը տեղի ունեցավ, երբ Էրդողանի անվտանգության ծառայողների կողմից դաժան ծեծի ենթարկվեցին նրա դեմ բողոք արտահայտող խաղաղ ցուցարարները: Սա նրա քաղաքական ոճն է , որը պետք է ուսումնասիրվի հոգեբանների և հոգեբույժների կողմից»,- ընդգծեց նա:

Արևելագետը  Թուրքիայում ներքաղաքական կյանքում լուրջ ցնցումներ չի ակնկալում:

«Չնայած հասարակությունում կա  ընդդիմություն մեծ զանգված, ինչի ապացույցն  էին հանրաքվեի արդյունքները, Էրդողանին հաջողվեց զինաթափել բանակի ղեկավարությանը: Թուրքիայում բարձրագույն սպայակազմը չունի այն դիրքերը և վճռականությունը, որն ուներ մինչև Էրդողանի գալը կամ նրա կառավարման առաջին տարիներին:

Ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, քաղաքական լուրջ փոփոխություններ լինում են այն դեպքում, երբ քաղաքականության մեջ իր գործողությունները սկսում է իրականացնել բարձրագույն սպայակազմը»,-նշեց Սաֆրաստյանը:


© 2009 ARMENPRESS.am