Տեխասի կողմից Ցեղասպանության ճանաչումը պատասխան էր Վաշինգտոնում թուրքերի լկտի պահվածքին. Շարմազանով

11:10, 20 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ամբիոնից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:

«Տեխասն ԱՄՆ-ի 46-րդ նահանգն է, որ ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ես կարծում եմ, որ մենք պետք է ողջունենք այս քայլը և շնորհակալություն հայտնենք մեր ամերիկացի գործընկերներին այս քայլի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ Տեխասի Ներկայացուցիչների պալատի այդ քայլը շատ հստակ պատասխան էր Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և օրերս Վաշինգտոնում թուրքերի լկտի պահվածքին:

Վաշինգտոնում մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ բողոքի ակցիա են անցկացրել հայերը, հույները, ասորիները, քրդերը: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակվել են Էրդողանի անվտանգության աշխատակիցներն ու դաժան ծեծի ենթարկել: Ավելի ուշ «Ամերիկայի ձայնը» տարածել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Թուրքիայի նախագահը մեքենայի մեջ նստած հետևում է ցույցին, ապա իր կողքին կանգնած անվտանգության աշխատակցին տալիս է հրահանգ, որն էլ այն փոխանցում է մյուս թիկնապահներին: Նրանք հարձակվում են ցուցարարների վրա, այդ թվում՝ կանանց, դաժան ծեծի ենթարկում նրանց ու վերադառնալով Էրդողանին զեկուցում կատարածի մասին: 


© 2009 ARMENPRESS.am