Հայերն ու հույները ցեղասպանության դեմ պայքարում միասնական են. Էդուարդ Շարմազանով
17:34, 19 Մայիս, 2017ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին Ազգային ժողովի պատգամավորները Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Պատգամավորների շարքում էին Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը եւ այլք:
Նրանց հետ միասին հուշահամալիր էին այցելել Հայաստանի տարբեր մարզերի հունական համայնքների ներկայացուցիչները: «Մենք հիշում ենք Պոնտոսի հույների ցեղասպանությունը» գրությամբ պաստառներով համայնքի ներկայացուցիչները պաշտոնյաների հետ շարժվեցին դեպի հուշահամալիրի անմար կրակը, ապա ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի: Հոգեւորականները ցեղասպանության զոհերի հոգեհանգստյան կարգ մատուցեցին:
ԱԺ նորընտիր փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ցեղասպանության դեմ պայքարում հույներն ու հայերը միասնական են:
[gallery id= 58997]
«Այսօր մայիսի 19-ն է. ողջ քաղաքակիրթ աշխարհը նշում եւ հիշում է Օսմանյան Թուրքիայում, ապա քեմալական Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերին, թե ինչպես հարյուր հազարավոր հույներ զոհ գնացին երիտթուրքերի, այնուհետեւ քեմալական թուրքերի ցեղասպանական քաղաքականությանը: Այսօրվա խորհուրդը ոչ միայն հիշատակն է ու դատապարտումը, այլեւ վերածնունդը: Կիպրոսը եւ Հունաստանն այն եզակի երկրներից են, որոնք քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը, իսկ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովները միաձայն դատապարտել են հույների ցեղասպանությունը: Այս պայքարում մենք հաղթանակելու ենք, որովհետեւ մեր պայքարը հանուն է՝ հանուն մեր քրիստոնեական հավատի, սրբազան հայրենիքի ու հայ-հունական բարեկամության: Հավատում եմ, որ Թուրքիայի ժխտողականությունը ֆիասկո է ապրելու, որովհետեւ առավել եւս վաշինգտոնյան դեպքերը եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Թուրքիան չի փոխվել, նույն խուժանի քաղաքականությունն է վարում: Էրդողանի եւ Աթաթուրքի միջեւ գրեթե ոչինչ չի փոխվել. նույն հանցագործ ժխտողական քաղաքականության կրողն են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանում հունական ՀԿ-ների միության նախագահ Արկադի Խիթարովն ասաց, որ Հայաստանում հունական ծագում ունեցող մարդիկ քիչ են՝ շուրջ 2000-2500: «Այս օրը տարբեր տեղերում ենք հավաքվում ու հիշում: Այսօր մեզ հետ Գյումրու, Վանաձորի եւ այլ տարածքների հունական համայնքների ներկայացուցիչներն են: Կարծում եմ՝ Հայաստանին պետք չէ բացատրել՝ ինչ է ցեղասպանությունը: Այն, որ մենք այստեղ ենք այս օրը հիշում, նույնպես խորհրդանշական է»,-եզրափակեց նա:
© 2009 ARMENPRESS.am