Նալբանդյանը Յագլանդին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը

16:44, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 19-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: 

Հանդիպմանը քննարկվեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանը առնչվող մի շարք հարցեր։ Այդ համատեքստում անդրադարձ արվեց Հայաստան - Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկեցին կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորությունը: ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։

Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրեց Հայաստանում ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ԵԽԽՎ-ում ընթացող զարգացումներին և ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հանդեպ վստահության վերականգման նպատակով գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությանը։

Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Բաքուն անում է ամեն հնարավորը՝ խաղաղության գործընթացը խաթարելու ուղղությամբ։ Հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական պահանջերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին։ «Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», - շեշտեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։


© 2009 ARMENPRESS.am