Ադրբեջանում հիստերիայի մեջ են Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունից

15:11, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեփան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ)՝ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում ռազմական իրադրության լարման վերաբերյալ մայիսի 18-ի հասցեական հայտարարությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ադրբեջանական արկածախնդիր կառավարությունը, որը մշտապես Ադրբեջանի ներքին լսարանի ուշադրությունը շեղում է սահմանին ռազմական գործողություններ սադրելով, դժգոհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից, որում այս անգամ հստակ գնահատական է տրված նրան, թե որ կողմի գործողությունների հետևանքով է սրվել իրավիճակը տարածաշրջանում և իրերը կոչված են իրենց անուններով:

Ադրբեջանի կառավարությունը, չկարողանալով գտնել որևէ արդարացում, կրկին դիմել է անհիմն մեղադրանքների և շանտաժի քաղաքականությանը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը, Մինսկի խմբի համանախագահներին մեղադրելով ոչ օբյեկտիվ գնահատականների համար, ցանկանում է ծածկել Ադրբեջանի մեղավորությունը:

Համանախագահների հայտարարության մեջ ասվում է. «Համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ է արձակել՝ խոցելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու կողմերի այդ գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում են և անհանգստության պատճառ:

Կան հակասական հաղորդումներ այս վերջին հարվածների թիրախների, ինչպես նաև դրանց հետևանքով կրած վնասների ու զոհերի մասին: Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքել տեղեկություններ և վերլուծություններ՝ տիրող իրադրության մասին ավելի ամբողջական ու ճշգրիտ տեղեկություն ստանալու համար»:


© 2009 ARMENPRESS.am