Լոռիում փրկված արջի քոթոթներին անվանակոչել են Զանգակ և Բամբակ

14:27, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզում մայիսի 4-ին հայտնաբերված արջի քոթոթներն արդեն անուններ ունեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից, քոթոթների անուններն ընտրվել են համացանցային քվեարկության արդյունքում: «Զանգակի ու Բամբակի խնամքին այսուհետև մասնակցելու է Բրիջիթ Բարդոյի հիմնադրամը»,-տեղեկացրին հիմնադրամից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային տեղեկատվության պատասխանատու Արթուր Հարությունյանը նշեց, որ քոթոթներն այժմ Երևանի կենդանաբանական այգու նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում բուժզննում են անցնում, նրանք առողջ են: «Մոտ ժամանակներս նրանք կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կարանտինային կայան (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան)»,-ասաց նա:

Լոռու մարզում բնապահպան տեսուչները մայիսի 4-ին առանց մայր արջի երկու քոթոթ են գտել: Հիմնադրամը կանի հնարավոր ամենը, որպեսզի քոթոթները վերադարձվեն վայրի բնություն:


© 2009 ARMENPRESS.am