Երիտասարդ բրիտանացիներն Instagram-ը դեպրեսիվ սոցցանց են համարում

13:44, 19 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգտատերերն Instagram-ն ամենավատ սոցիալական ցանցն են համարում հոգեկան առողջության վրա ազդեցության առումով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, վկայում են Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքները:
Առողջապահության թագավորական ընկերության հետազոտությանը մասնակցել Է 14-ից մինչեւ 24 տարեկան 1479 մարդ: Նրանց առաջարկել են գնահատել, թե հինգ հանրաճանաչ սոցցանցերից որն Է ամենաբացասական ազդեցությունը գործում իր օգտատերերի վրա:   
Մասնակիցները պետք Է պատասխանեին այն բանի վերաբերյալ հարցերի շարքին, թե ինչպես են YouTube-ը, Instagram-ը, Snapchat-ը, Facebook-ը եւ Twitter-ն ազդում իրենց առողջության եւ բարեկեցության վրա: Նրանք յուրաքանչյուր հարթակը գնահատել են ըստ 14 կատեգորիաների, որոնք վերաբերում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են տագնապայնությունը, դեպրեսիան, միայնակությունը, հալածանքը եւ մարմնի ընկալումը:  
Հարցման արդյունքների համաձայն՝ օգտատերերը հոգեկան առողջության վրա դրական ազդեցություն են տեսնում YouTube-ի, ինչպես նաեւ Twitter-ի եւ Facebook-ի մոտ: Ամենավատ գնահատականներն ստացել են Instagram-ը եւ Snapchat-ը: 
«Հետաքրքրական Է, որ Instagram-ը եւ Snapchat-ը վարկանիշի վերջնամասում են հայտվնել հոգեկան առողջության եւ բարեկեցության համատեքստում. երկու հարթակներն Էլ սեւեռված են պատկերների վրա, ինչն, ամենայն հավանականությամբ,  երիտասարդներին հարկադրում Է ոչ լիարժեք զգալ իրենց եւ տագնապ Է առաջացնում»,- ասում Է Առողջապահության թագավորական ընկերության ղեկավար Շիռլի Քրամերը:

 


© 2009 ARMENPRESS.am