Նարեկ Սարգսյանը Փարիզում մասնակցել է ազգային քաղաքաշինության քաղաքականության վերաբերյալ համաժողովին

12:47, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ս/թ. մայիսի 15-18-ը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և ՄԱԿ-Հաբիթաթի հրավերով Փարիզ քաղաքում մասնակցել է Ազգային քաղաքաշինության քաղաքականության երկրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է «Օրակարգ 2030» և «Փարիզյան համաձայնագիր» թեմայի շրջանակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Համաժողովի ընթացքում Ն. Սարգսյանը ելույթներ է ունեցել՝ երկու հարթակներում ներկայացնելով օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի փորձը, արդյունքները և քաղաքաշինական պլանավորման հեռանկարները:

Նարեկ Սարգսյանը Փարիզում հանդիպել է նաև սփյուռքահայ ճարտարապետների և քննարկել նրանց կողմից Հայաստանում իրականացվող նախագծային խնդիրներին առնչվող հարցեր:

Ն. Սարգսյանը Ժնևում հանդիպել է նաև սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշին և քննարկել նրա կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին:


© 2009 ARMENPRESS.am