Սպասվող լրահոս. 19.05.2017

09:32, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում համապետական շաբաթօրյակին ընդառաջ այսօր՝ մայիսի 19-ին, կանցկացվի «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստում կներկայացվեն առ այսօր կատարված աշխատանքները, ինչպես նաև կհստակեցվեն առաջիկա անելիքները: Նշենք, որ համապետական շաբաթօրյակը կայանալու է մայիսի 27-ին:

Գերմանիայի դեսպանությունն հայտարարում է բաց դռների օր՝ բացօթյա տոնակատարությամբ: Այն հանրային միջոցառում է: Այցելուները կտեղեկանան, թե ինչպիսին է դեսպանի առօրյան, ինչպես են ընթանում հայ-գերմանական հարաբերությունները: Աշխատակիցները ցույց կտան դեսպանության աշխատասենյակները՝ վիզայի բաժնից մինչև դեսպանի աշխատասենյակ: Յուրաքանչյուր շրջայցի տևողությունը 30 րոպե է, շրջայցի համար պետք է տեղում գրանցվել: Նախատեսված է գերմանական ուտեստների և խմիչքների հյուրասիրություն:

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կտրվի ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երկրորդ հոսքի դասապրոցեսի մեկնարկը։ Ներկա կլինեն ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ։ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երկրորդ հոսքում ուսանելու համար ստացվել էր 309 հայտ, որից ընդունվել են 182-ը։ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի դասապրոցեսի տեւողությունը չորս ամիս է եւ ներառում է հիսունից ավելի դաս։

ԵՊԲՀ-ում կմեկնարկի «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» թեմայով համաժողովը, որին կմասնակցեն անվանի մանկաբույժներ աշխարհի տարբեր երկրներից:

UWC Դիլիջանը կհյուրընկալի Միացյալ աշխարհի քոլեջներ շարժման շարքերն ընդունված ուսանողներին։ 19 ուսանող Հայաստանից և Արցախից կմիանան «Միացյալ աշխարհի քոլեջներ»-ի համակարգի դպրոցներին և քոլեջներին աշխարհի տարբեր երկրներում: Նրանցից տասը կդառնան UWC Դիլիջան ընտանիքի անդամ։ Նորեկներին և նրանց ծնողներին կդիմավորի UWC Դիլիջանի տնօրեն Դենիզ Դեւիդսոնը, ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը և այլք:

Մայիսի 20-ին կայանալու է «Առաջին Տաթևիկ» խորագիրը կրող համերգ-ներկայացումը` նվիրված ճանաչված օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին։ Միջոցառումը կիրականացվի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այսօր միջոցառման կազմակերպիչները կներկայացնեն մանրամասներ սպասվող համերգի մասին:

Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի կունենա «Աուդիովիզուալ գիդ» հավելվածի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը, ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թյան Էռլունը և այլք։ Մայիսի 20-ից սմարթֆոններում ներբեռնելով «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը, առաջարկվող 10 լեզուներով հնարավոր կլինի ճամփորդել Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի թանգարաններում: Ծրագրային հավելվածն այս տարվա ընթացքում ներդրվելու է Հայաստանի պետական ևս 4 թանգարաններում։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի «Օտարները հայ ճարտարապետության մասին» խորագրով ցուցահանդեսը: Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու օտարազգի հայտնի երախտավորների գործունեությանը, ովքեր ուսումնասիրել ու համայն մարդկությանն են ներկայացրել մեր ճարտարապետական գոհարները, չափագրել են բավական մեծ թվով հուշարձաններ, իրենց մասնագիտական կարծիքը հայտնել հայկական ճարտարապետական ոճի ինքնուրույնության և կրած ազդեցությունների մասին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը դարձել է մանկագրության ոլորտում հեղինակավոր «Հանս Քրիստիան Անդերսեն» միջազգային գրական մրցանակի հավակնորդ: Այդ առթիվ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում երեխաների մասնակցությամբ կանցկացվի հանդիպում Էդվարդ Միլիտոնյանի հետ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am