Ստեփանակերտում կազմակերպվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես

21:16, 18 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախագծի շրջանակներում մայիսի 18-ին Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանում կազմակերպվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես:

Թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանն ասել է, որ ամեն տարի փորձում են յուրահատուկ թեմայով հանդես գալ: «Այս տարվա «Ցավալի պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ընտրությունը թանգարանների միջազգային կազմակերպության կողմից պատահականություն չէր: Մենք գիտենք, որ ներկա դրությամբ Մերձավոր Արևելքում տեղի են ունենում ցավալի իրադարձություններ, և վերջին շրջանում ռազմական գործողությունների ընթացքում ավերվել և ավերվում են հնագույն քաղաքակրթության շատ արժանահիշատակ նմուշներ. մի գործընթաց, որը մեզ համար արդեն սովորական է դարձել, որովհետև եթե այլ երկրներում նոր երևույթ է, ապա մենք 1915 թվականից և դրանից առաջ սկսած ականատեսն ենք լինում ցավալի երևույթների, իրադարձությունների: Այս թեման առիթ էր, որ մենք էլ անդրադառնանք ցավալի երևույթներին, որոնք տեղի են ունենում մեր ժողովրդի հետ: Ակնհայտ փաստ է, որ մեր պատմամշակութային հուշարձաններն ավերվում են մեր հայրենիքի տարբեր հատվածներում. մեր հայրենիքի զգալի մասում իշխում է Թուրքիան, իսկ մի զգալի մասում էլ ձևավորվել է Ադրբեջան կոչված պետությունը: Ադրբեջանի քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններից կամ թուրքական քաղաքականությունից, որտեղ ևս մեծ ջանադրությամբ վերացվում են հայկական մշակութային ժառանգությունը, եկեղեցիներն ու վանքերը՝ մեկ պարզ նպատակով, որն է տեր դառնալ մեր հայրենիքին և հայ ժողովրդի հետքը բնաջնջել: Քաղաքակիրթ երկիրը, որը հասկանում է մշակույթի կարևորությունը, հանդես է գալիս, որպես այդ մշակույթի պահապան: Ադրբեջանն իր քաղաքականությամբ փաստում է, որ շատ հեռու է դրանից»,- ասել է Մ. Բալայանը և նշել, որ ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներում մեր հայրենիքի այն հատվածներն են, որոնք այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից՝ սկսած Նախիջևանից, պատմական Ուտիքից մինչև հյուսիսային Արցախ:

«Լուսանկարներում Նախիջևանի ավերված եկեղեցիներն են, Ջուղայի գերեզմանոցի ջարդված ու քանդված խաչքարերը, Բաքվի հայկական եկեղեցին, Գանձակի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը ներկայումս դարձրել են կամերային երաժշտության տուն: Լուսանկարների մեծ մասը կատարվել են խորհրդային ժամանակներում: Լուսանկարիչ Ֆրեդերիկ Բեռլեմոնը, ով հնարավորություն է ունեցել շրջագայել Ադրբեջանի տարածքով, լուսանկարներ է տրամադրել մեզ, որոնք էլ փաստում են մեր պատմամշակութային ժառանգության ավերածությունների մասին: Այս ցուցահանդեսին ներկայացված լուսանկարների հեղինակը նաև «Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող» կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանն է, որը բոլոր այս տարիների ընթացքում մեծ ջանքերով հավաքագրել է և այս լուսանկարները, որոնք, որպես լուրջ փաստարկներ, մենք կարողանում ենք ներկայացնել»,- նշել է Մ. Բալայանը և ավելացրել, որ թանգարան և այցելու կապը փոփոխական է, և գնալով հետաքրքրությունն ավելի է մեծանում հասարակության մեջ:

«Եթե տարիներ առաջ մեր այցելուները հիմնականում դպրոցականներ կամ օտարերկրացիներ են եղել, ապա ներկա դրությամբ նկատելի աճ է գրանցվում: Բոլորն էլ տպավորված են լինում՝ լսելով մեր պատմությունը: Մենք պարտավոր ենք մեր պատմությունը, մշակույթը մեր ժողովրդին հանրամատչելի ու հաճելի մատուցել: Մենք միշտ պետք է հիշենք, որ թանգարանը մեր հասարակության հարստությունն է, մեր պատմական ժառանգությունն է այստեղ, և մենք պետք է պահանջատեր լինենք»,- հավելել է Մ. Բալայանը:

 


© 2009 ARMENPRESS.am