ՔԿ ծառայության պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ- պետությունների խորհրդի նիստին

10:59, 12 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մայիսի 11-12-ը անցկացվեց ԱՊՀ անդամ-պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհրդի 2-րդ նիստը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Նիստի ընթացքում, ի թիվս այլ ուղղությունների, ընդունվեցին նաև մի շարք կարևորագույն որոշումներ, ինչպիսիք են` ԱՊՀ անդամ-պետությունների պենիտենցիար ծառայությունների համագործակցության արդի ձևաչափերը սահմանելու, Խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առկա հիմնախնդիրների նախնական քննարկման նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու, ԱՊՀ ճյուղային մարմինների հետ համագործակցելու, ազատազրկման դատապարտված անձանց փոխանակման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ ուղղություններով:

Կարևոր է արձանագրել, որ Խորհրդի անդամ երկրների ղեկավարների միաձայն որոշմամբ Խորհրդի համանախագահ ընտրվեց ՀՀ պատվիրակության ղեկավար, քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանը, ով, երախտագիտություն հայտնելով Խորհրդի անդամների վստահության համար, առաջարկեց 2018թ. Խորհրդի հերթական նիստն անցկացնել ՀՀ-ում, ինչը ևս ընդունվեց Խորհրդի միաձայն որոշմամբ: 


© 2009 ARMENPRESS.am