Դավթաշենում ծառեր հատելու մեջ մեղադրվողն ազատ է արձակվել՝ չհեռանալու ստորագրությամբ

14:37, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ծառեր հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն ազատ է արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը: 

«Միջնորդություն եմ ներկայացրել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն: Դատախազը որոշում կայացրեց խափանման միջոցը փոխել և խափանման միջոցն ընտրվեց` չհեռանալու մասին ստորագրությունը»,- ասաց իրավապաշտպանը:

Ալեքսան Սամսոնյանը մեղադրվում է թվով 29 բարդի և թեղի տեսակի ծառեր ապօրինի հատելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատում խոշոր վնաս պատճառելով: Արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:


© 2009 ARMENPRESS.am