ԵԱՀԿ-ն Տավուշի մարզում դիտարկում է անցկացրել
16:00, 28 Ապրիլ, 2017ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում ապրիլի 27-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Մարտին Շուստերը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկումից առաջ Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը՝ ԵԱՀԿ ներկայացուցիչների ուշադությունը հրավիրելով հատկապես այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոցներ է արձակում սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառվեն իրենց զեկույցներում:
© 2009 ARMENPRESS.am