ՍԴ-ն ավարտել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննարկումը

12:55, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ավարտել է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին առնչվող Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 28-ի դատական նիստի ընթացքում հայցվոր և պատասխանող կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով, կրկին ներկայացրին իրենց հիմնավորումները:

Եզրափակիչ ելույթներով հայցվոր կողմից հանդես եկան ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և փաստաբան Վահե Գրիգորյանը, պատասխանող կողմից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը և քարտուղար Արմեն Սմբատյանը:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն արձանագրեց, որ նիստի առաջին փուլն ավարտվեց, և դատարանը պետք է անցնի խորհրդակցական սենյակ` դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու: «Մենք պետք է անցնենք խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար: Երբ որոշումը պատրաստ կլինի հրապարակման համար, մենք այդ մասին նախօրոք կտեղեկացնենք»,- ասաց Հարությունյանը:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմել էր Սահմանադրական դատարան ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցով: Սահմանադրական դատարանը դաշինքի դիմումն ընդունել էր ապրիլի 14-ին: Դաշինքի դիմումի քննարկումը Սահմանադրական դատարանը սկսել էր ապրիլի 25-ին: 


© 2009 ARMENPRESS.am