Արսեն Հարությունյանը խոստանում է հետևողական լինել գյուղացիների բարձրացրած խնդիրների լուծման հարցում

21:45, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ամեն շաբաթ կայցելի տարբեր մարզեր` դիտարկելու ջրի հետ կապված աշխատանքները և ուսումնասիրելու մարզերում առկա խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքով` ապրիլի 23-ին ինքն այցելել է Արմավիրի մարզ, որտեղ դիտարկել են ջրանցքները, ջրերի հոսքերը:

«Ունեցել ենք հանդիպումներ որոշ գյուղատնտեսների հետ, որպեսզի հասկանանք նրանց խնդիրները: Ամեն շաբաթ մի մարզ գնալու ենք: Նախապես ազդակ ենք ուղարկելու համայնքի բնակիչներին, որպեսզի հարցերի դեպքում անձամբ դիմեն ինձ: Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը քաղաքացիների համար այցելություններ ենք կազմակերպում: Ես պատրաստ եմ լսել գյուղացու բարձրացված ցանկացած խնդիր և ես անձամբ ցանկացած խնդրում հետևողական եմ լինում»,-ասաց նա: 


© 2009 ARMENPRESS.am