Ստեփանակերտում առաջիկա եռակողմ հանդիպումից տարածաշրջանում խաղաղության պահպանում են ակնկալում

14:20, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում կարևորում են ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ իրենք արժևորում են նմանատիպ ցանկացած հանդիպում` նկատելով, որ ընդհանրապես նման հանդիպումները պետք չէ դիտարկել լոկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման տեսանկյունից: «Համապարփակ կարգավորման համար երկար ժամանակ է պետք, մեծ ջանքեր են պետք, ահագին խնդիրներ կան: Այս ամենը պետք է հաշվի առնել: Դրա համար նման հանդիպումները մենք պետք է դիտարկենք մի փոքր այլ տեսանկյունից: Ամենակարևորը` տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից պետք է դիտարկենք և ընդհանրապես՝ կարգավորման խաղաղ գործընթացի շարունակականության տեսանկյունից: Եթե նման հարթությունում դիտարկենք, իհարկե, շատ կարևոր է ցանկացած այդպիսի հանդիպում»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով` այդպիսի հանդիպումները թույլ են տալիս, որպեսզի գործընթացը լինի շարունակական, երկրորդը` կողմերը, թեպետ ոչ լիարժեք կազմով, բայց քննարկում են տարածաշրջանում առկա վիճակը: «Դրան գումարած` ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահ երկրները իրենց կարծիքն են հայտնում և ևս մեկ անգամ կարևորում են հակամարտության խաղաղ կարգավորումը, կայունության և խաղաղության պահպանումը»,- ընդգծեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Դավիթ Բաբայանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ունեն միասնական կարծիք: «Նրանք երկրագնդի տարբեր վայրերում ունեն խնդիրներ` իրարամերժ, նույնիսկ որոշ վայրերում հակամարտ քաղաքականություն են վարում, սակայն այս տարածաշրջանում բոլորի ազգային և ընդհանրապես մարդասիրական շահերից բխում է, որպեսզի պահպանվի խաղաղությունն ու կայունությունը»,- եզրափակեց Բաբայանը:

Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի  կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:


© 2009 ARMENPRESS.am