Փոստային առաքումներ իրականացնող «Յումակս» ընկերությունը պետք է վերացնի խախտումները

13:00, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ապրիլի 26-ի նիստում որոշում կայացվեց մրցակցային օրենսդրության խախտման համար նախազգուշացում տալ փոստային առաքումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող «Յումակս» ընկերությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարցի զեկուցող ՏՄՊՊՀ վարչության պետի տեղակալ Աննա Պետրոսյանը նշեց, որ մի քանի տասնյակ մաքսային բրոքերներ եւ մի շարք խոշոր տնտեսավարողներ բողոք էին ներկայացրել հանձնաժողով մեր երկրում փոստային առաքումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող DHL ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Յումակս» ընկերության գործունեությունից: «Ընկերությունը տեղեկացրել էր, որ DHL-ի ցանցով ներմուծված բեռների մաքսային ձեւակերպումները իրականացվելու են բացառապես իրենց կողմից, հակառակ դեպքում մաքսային ձեւակերպումներից հրաժարվող բոլոր ընկերությունների եւ ֆիզիկական անձանց բեռները ետ կուղարկվեն»,-ասաց նա:

Ուսումնասիրության ընթացքում հանձնաժողովը պարզել է, որ ընկերության նման վարքագիծը սահմանափակում է դաշտում մրցակցությունը:

Հանձնաժողովը ընկերությանը նախազգուշացում տվեց` կարճ ժամկետում խախտումը եւ սահմանափակումները վերացնելու հանձնարարականով:

Վարույթի ընթացքում ընկերությունը կատարել էր ՏՄՊՊՀ պահանջը` հայտարարության միջոցով տեղեկացնելով, որ բոլոր սահմանափակումներն արդեն իսկ վերացված են, եւ ընկերությունը պատրաստ է  աշխատելու նախկին սկզբունքով: 


© 2009 ARMENPRESS.am