Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

12:00, 25 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ, ապրիլի 21-22-ը գտնվել է Հարավային Օսիայի Հանրապետությունում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, ապրիլի 21-ին Արցախի պատվիրակությունը մասնակցել է Օսիայի նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովի երդմնակալության արարողությանը։ Կարեն Միրզոյանը նրան է փոխանցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:


© 2009 ARMENPRESS.am