Վրաստանով ցանկացած բեռնափոխադրում պետք է իրականացվի երկրի օրենսդրությամբ. Ջանելիձե

19:43, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի տարածքով ցանկացած բեռնափոխադրում պետք է իրականացվի ըստ Վրաստանի օրենսդրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն «Ազատություն ռադիոկայանի» եթերում՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարի և Աբխազիայի նախագահի հայտարարությունները ՌԴ-ից Հայաստան Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության վերաբերյալ:

Նախարարն ասել է, որ բոլոր որոշումներն այդ հարցում պետք է ընդունի Վրաստանի կառավարությունը, այդ թվում Աբխազիայի գծով:

Ջանելիձեն հիշեցրել է, որ Վրաստանն ու ՌԴ-ն 2011-ին համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է երկու երկրների առևտրի մշտադիտարկում:

«Քանի որ Վրաստանը չի կարող վերահսկել Աբխազիայի հետ սահմանը, համաձայնագրով նախատեսվում է երրորդ կողմի դիտարկում այդ տարածքում, որը կհետևեի Վրաստանի և ՌԴ միջև առևտրին»,-պարզաբանել է նախարարն ու ասել, որ կողմերի համար այլ պարտավորություններ համաձայնագրով նախատեսված չեն:

Ապրիլի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը խոչընդոտներ չի տեսնում Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումը վերականգնելու համար: Աբխազիայի նախագահ Հաջիմբան իր հերթին նշել է, որ երթուղու բացումը դրական ազդեցություն կունենա երկրի վրա: 

2011-ին կնքված համաձայնագիրն այդպես էլ ուժի մեջ չի մտել:


© 2009 ARMENPRESS.am