Զարուհի Մուրադյանը նշանակվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

19:12, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության  նախարարությունում ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության  նախարար Իգնատի Առաքելյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օրակարգի առաջին հարցով խորհուրդը լսել և հաստատել է հիմնադրամի 2016 թվականի գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում  կատարված  աշխատանքների մասին և  ներկայացրել ծախսերը: Մասնավորապես նշվել է,  որ պատրաստվել է  հայկական գինու վերաբերյալ հեռուստահաղորդումների շարք, կազմակերպվել է ֆրանսիացի մասնագետների այց Վայոց ձորի մարզ, որոնք խորհրդատվություն են տրամադրել տեղի ֆերմերներին, լեհ և ռուս բլոգերների այցելություն Հայաստան, որոնք սոցցանցերի միջոցով տարածել են հայկական գինու վերաբերյալ տեղեկություններ:

Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը հորդորել է ակտիվացնել հիմնադրամի պաշտոնական www.vwfa.am կայքի աշխատանքները և առանձնահատուկ ուշադրություն դարձնել  հիմնադրամի գործունեության լուսաբանման հարցին:

Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդը քննարկել է  հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Զարուհի Մուրադյանին նշանակելու հարցը և միաձայն հաստատել է նրա թեկնածությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային մի շարք այլ  հարցեր: 


© 2009 ARMENPRESS.am