Սոչիում կայանալիք համաշխարհային փառատոնին կմասնակցեն նաև արցախցի երիտասարդներ
18:05, 21 Ապրիլ, 2017ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հոկտեմբերի 14-22-ը տեղի է ունենալու «Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնը»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Աշոտ Սարգսյանը: «Միջոցառման նպատակն է համաշխարհային երիտասարդության համախմբումը, միջազգային կապերի և միջմշակութային փոխգործակցության ամրապնդումը»,-ասել է Ա. Սարգսյանը և տեղեկացրել, որ փառատոնի ծրագիրը ներառում է տարբեր մարզաձևերի մրցույթներ, քաղաքական թեմաներով սեմինարներ և քննարկումներ, համերգներ, տոնակատարություններ, ինչպես նաև պատվիրակությունների գունագեղ շքերթ:
«Փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են հայտերը ներկայացնել մինչև մայիսի 15-ը»,- հավելել է Ա. Սարգսյանը և նշել, որ փառատոնին արցախցի երիտասարդներն առաջին անգամ են մասնակցելու:
© 2009 ARMENPRESS.am