Պայմանագրային զինծառայողը զոհվել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով

14:39, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել է քրեական գործ՝  պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանի (ծնված` 30.08.1986թ.) մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից,  նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է՝  ՀՀ  2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ  N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից  ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ  եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։   Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am