Գյումրիում նշվեց Շերամի 160- ամյակը

10:32, 21 Ապրիլ, 2017

ԳՅՈՒՄՐԻ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլի 20-ին տեղի ունեցավ գուսան Շերամի 160-ամյակին նվիրված համերգ: Ելույթ ունեցավ Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախումբը: Կատարումներով հանդես եկան Ռուբեն Մաթևոսյանը, Մուրադ Մալխասյանը, Գևորգ Դաբաղյանը, Արսեն Գրիգորյանը, Գագիկ Մալխասյանը, Կամո Սեյրանյանը և շատ այլ սիրված երգիչ-երգչուհիներ: Գրիգոր Կարապետի Տալյանը ծնվել է Ալեքսանդրապոլում: Եղել է ատաղձագործի, մանրավաճառի, ապա նաև հյուսնի աշակերտ, ինքն է պատրաստել իր առաջին սազը, թառը և ինքնուրույն նվագել սովորել։ 12 տարեկանից երգեր է հորինել։ Սիրելով Գրիգորին ու նրա երգերը՝ ժողովուրդը նրան կոչում է ուստա Գոքոր, իսկ «մետաքսանման» իր երգերի համար բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը նրան անվանում է աշուղ Շերամ։ Հայ գուսանը ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորողներից է։ Հայկական բուն ժողովրդական երգարվեստի ակունքներին մոտ կանգնած լինելով` նա զարգացրել է երգերի քնարական երգայնությունն ու հուզականությունը։

Շերամի ստեղծագործություններն ուղեկցել են Ռուբեն Մաթևոսյանին իր բեմական գործունեության ողջ ընթացքում, ավելին՝ գուսանի 24 երգից 14-ի առաջին կատարողը հենց ինքն է եղել: Այս մասին երաժշտասերներին պատմեց սիրված երգիչը:

Համերգի ընթացքում ներկայացվեցին Շերամի հանրահայտ, նաև մինչ այժմ չհնչած ստեղծագործությունները: «Հրավիրված էին բոլոր այն երգիչները, ովքեր կարող էին Շերամ կատարել: Լավ է, որ բոլորս սիրենք Շերամ, բայց բեմից Շերամ պետք է երգի նա, ով կարող է Շերամ երգել՝ բեմից պետք է Շերամ մատուցվի ճիշտ տարբերակով ու չաղավաղեով»-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Ջեմա Քաղցրիկյանը:

Գիշեր ու զօր սեր գովերգող շերամական երգերն այսօր շատերն են կատարում, իսկ գյումրեցիների համար դա առանձնահատուկ երաժշտություն է՝ մինչ օրս Գյումրիում հարսանիքներին հարսին հայրական տանից հանում են հենց շերամական երգի ներքո, և դա էր պատճառը, որ հենց այդ երգի կատարմանը միացան թատրոնի հանդիսատեսները:

Երեկոյի ընթացքում գյումրեցիներին սպասում էր մեկ այլ անակնկալ ևս՝ համերգին ներկա էր Շերամի թոռը՝ Կյուրեղ քահանա Տալյանը: «Մի անգամ, դեպքերի բերումով, ավազ էի կրում: Վարպետներից մեկը, իմանալով, որ Շերամի թոռն եմ, ապշած հարցրեց. «Շերամի թոռն ե՞ս ու ավա՞զ ես կրում»: Ասացի` հա: Շարունակեց. «Ես Շերամի թոռը լինեի, գալստուկը կկապեի, փողոցով կգնայի կգայի, կգնայի կգայի»: Ասացի. «Լավ ես ասում, բայց ես Շերամը չեմ, ես Շերամի թոռն եմ»,- ներկաներին պատմեց Տեր Կյուրեղը՝ շնորհակալություն հայտնելով երեկոյի համար:

Համերգը բարեգործական էր: «Ծիրանափող» մշակութային երիտասարդական ՀԿ-ն և Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության և Շիրակի մարզպետարանի ացակցությամբ կազմակերպված համերգի հասույթն ամբողջությամբ տրամադրեցին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին՝ տնակում բնակվող մեկ ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am