Հնդկաստանի փոխնախագահը ապրիլի 24-ին կժամանի Հայաստան

19:48, 20 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին ապրիլի 24-ին հնգօրյա այցով կլինի Հայաստանում և Լեհաստանում, բանակցություններ կվարի երկու պետությունների բարձրագույն ղեկավարության հետ հարցերի լայն շրջանակի շուրջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Indiatoday գործակալությունը:   

Այցի առաջին փուլում` մինչ ապրիլի 26-ն, Անսարին կլինի Հայաստանում: Հնդկաստանի փոխնախագահին կուղեկցեն նրա կինը՝ Սալմա Անսարին, միջին և փոքր ձեռնարկությունների նախարար Հիրիռաջ Սինգհը, պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Երևանում Անսարին բանակցություններ կվարի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: 

«Այցի նպատակը երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացումն է, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցության ու գործընկերության հետագա զարգացումը»,- լրագրողներին ասել է Հնդկաստանի ԱԳՆ արևելյան հարցերով քարտուղար Փրեթի Սարանը:

Անսարին կհանդիպի նաև Երևանի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ: «Մենք նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և նման բարձրաստիճան այցերը կնպաստեն երկրների հետագա հարաբերություններին»,- նշել է Սարանը:

Ապրիլի 26-ին Անսարին Հայաստանից կմեկնի Լեհաստան: 


© 2009 ARMENPRESS.am