Հայաստանում պատմամշակութային հուշարձանները զբոսավայր դարձնելու 20 ծրագիր է նախատեսվել

17:04, 15 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարի զբոսաշրջային  արդյունքի դիվերսիֆիկացման շրջանակներում  նախատեսվել է զբոսաշրջային  վայր չհանդիսացող  պատմամշակութային  հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսավայր  դարձնելու առնվազն 20  ծրագրի մշակում, հաստատում և իրականացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած«Էկոտուրիզմը Հայաստանում» գիտաժողովի բացման ելույթում ասաց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:  

«Հայաստանն ունի զբոսաշրջության և էկոտուրիզմի լուրջ հեռանկարներ և միջազգային զբոսաշրջային շուկայում կարող ենք առաջարկել բազմաբնույթ զբոսաշրջային արդյունք, այդ թվում նաև էկոտուրիզմում»,- ընդգծեց Զեյթունցյանը:

Նրա խոսքով` զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից իրականացվում են  ինստիտուցիոնալ բարեփոխումներ: «Այս շրջանակներում կատարելագործվում է նաև զբոսաշրջության ոլորտի օրենսդրական դաշտը, հատուկ տեղ է հատկացվում նաև էկոտուրիզմի զարգացմանը: Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել բնական ռեսուրսների պահպանությանը, ռացիոնալ օգտագործմանը»,- ասաց Զեյթունցյանը:

 


© 2009 ARMENPRESS.am