«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Գյումրու դրամատիկական թատրոնը հանդես կգա Վանաձորում
13:35, 14 Ապրիլ, 2017ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում շուրջ 100 միջոցառում է իրականացվել: Այդ մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ծրագրի համակարգող Գարիկ Նազարյանը:
«Ապրիլին և մայիսին կունենանք 140 միջոցառում: Վաղը հինգ միջոցառում կանցկացվի. Հայաստանի պետական կամերային նվագախումբը կմեկնի Արմավիր և Էջմիածին, Հայաստանի պարի պետական անսամբլը կմեկնի Արարատի Վ. Սարգսյանի անվան զորամաս, Գյումրու դրամատիկական թատրոնը Վանաձորում հանդես կգա «Հրեշը լուսնի վրա» ներկայացմամբ և այլն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նազարյանը:
Նրա խոսքով` նախագիծը մշակութային կանքը մարզերում ակտիվացնելու հիանալի միջոց է, որը կնպաստի մշակութային ենթակառուցվածքների վերազինմանն ու վերակառուցմանը: Սա Հայաստանի ապագավառացման ծրագիր է:
Նա ընդգծեց, որ հունվար, փետրվար, մարտ ամիսներին ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկվել են 1542 մասնակից և 15246 հանդիսատես: Ամենաշատ տոմսերը վաճառվել են մարտ ամսին:
Հանդիպմանը ներկա էր նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:
«Ծրագիրը մեզ հնարավորութուն տվեց ևս մեկ անգամ ճանաչել մեզ, մեր հայրենիքը: Կարողացանք բացել մշակութային օջախների դռներ, որոնք 70-ական թվականներից փակ էին մնացել: Տավուշի մարզի Չինարի գյուղում վերջին անգամ ցուցադրվել էր «Վրիժառու» ֆիլմը` 80-ական թվականներին: Մենք անտեղ ներկայացում ենք խաղալու»,-շեշտեց Վիրաբյանը:
Նա նշեց, որ Թալինում բեմադրությունը ներկայացնելիս դահլիճը զրոյից են նախապատրաստել:
«Կարծում եմ` «Մշակութային կանգառ»-ը պետք է շարունակական լինի, քանի որ կա հանրային մեծ պահանջ, մշակութային սով: Մարզերում ու հեռավոր գյուղերում հանդիսատեսը մեզ սիրով է ընդունում, իսկ տոմսերը բավականին արագ են սպառվում, և մենք նախատեսվածից ավել շատ ներկայացումներ ենք խաղում»,- եզրափակեց տնօրենը:
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ: Ծրագրի գլխավոր հովանավորն է Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը:
© 2009 ARMENPRESS.am