Սերժ Սարգսյանը հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ

10:32, 14 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների համաձայնությամբ Բիշկեկում կմասնակցի խորհրդի նիստին, որի օրակարգի հարցերի թվում նախատեսված է քննարկել Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահներ Իգոր Դոդոնը և Սերժ Սարգսյանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-մոլդովական համագործակցության օրակարգը` երկուստեք կարևորելով Հայաստանի ու Մոլդովայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը, որը, նախագահների համոզմամբ, բխում է երկու երկրների և բարեկամ ժողովուրդների շահերից:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` մինչ այժմ երկու երկրների միջև ստորագրված շուրջ երկու տասնյակ համաձայնագրերին ու պայմանագրերին ավելացնելով նորերը: Այդ համատեքստում կարևորվել է միջխորհրդարանական կապերի և շփումների ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը:


© 2009 ARMENPRESS.am