ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի հաղթանակի առիթով

20:11, 3 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին` ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի առիթով:

«Հարգելի Սերժ Ազատի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանում կայացած Ազգային ժողովի ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք և Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում են Հայաստանի քաղաքացիների շրջանում: Դա նաև սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված արդիական խնդիրների լուծման, Հայաստանի ազգային շահերի պաշտպանության հարցում Ձեր վաստակի ընդունումն է:

Վստահ եմ, որ նոր կազմով Ազգային ժողովի գործունեությունը նպաստելու է մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Օգտվում եմ առիթից, որպեսզի Ձեզ և Ձեր զինակիցներին մաղթեմ նոր հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին` բարեկեցություն և բարգավաճում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական հեռագրում:


© 2009 ARMENPRESS.am