Մեկնարկել է պատվաստանյութերի բաշխման և գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը

12:33, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման գործում անփոխարինելի նշանակություն ունի անասնաբուժության ոլորտը։

Ծրագիրն ունի ռազմավարական նշանակություն, որի իրականացման բնականոն ընթացքով է պայմանավորված հանրապետությունում արտադրվող կենդանական ծագման արտադրանքի անվտանգությունը:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում համընդհանուր խնդիր է  կենդանիների վարակիչ, այդ թվում կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը։

Ելնելով հարևան երկրներում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային և հանրապետության առանձին մարզերի  կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում, մի շարք  հիվանդությունների նկատմամբ իրականացվում են  անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ, իսկ ծառայությունների մատուցումը պատվիրակվում է նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

 2017 թվականին նախատեսված է իրականացնել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար մաշկաբորբ, խշխշան պալար (էմկար), ձիերի դաբաղ և մեղուների վարրոատոզ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,արդեն իսկ մեկնարկել է վերոգրյալ պատվաստանյութերի բաշխման և կենդանիների պատվաստման գործընթացը:

Միաժամանակ, համայնքները սպասարկող անասնաբույժների աշխատանքներն առավել արդյունավետ և ժամանակին իրականացնելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել համայնքներում անասնագլխաքանակի կենտրոնացման, ինչպես նաև կենդանիներին առանց պատվաստման հեռագնա արոտավայրեր տեղափոխել ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am