ՄԽ համանախագահները Բաքվում վերահաստատել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը
17:40, 27 Մարտ, 2017ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանում այդ երկրի ղեկավարության հետ հանդիպումներում վերահաստատել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Մարտի 27-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը:
«Մենք Բաքվում հանդիպել ենք նախագահ Ալիևի հետ, արտաքին գործերի նախարար Մամեդյարովի հետ: Չեմ կարող ասել, թե ինչ ենք քննարկել, դիվանագիտության մեջ այդպես չեն վարվում: Ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ մենք խոսել ենք համաձայնությունների մասին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Մենք հավատացած ենք, որ վստահության ձևավորմանն ուղղված այդ միջոցները իրենց արդիականությունը պահպանում են, և դրանք պետք է իրականացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հոգլանդը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ հակամարտող երկրների առաջնորդները պետք է հանդիպեն և շարունակեն բանակցությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու համար:
© 2009 ARMENPRESS.am